ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Պանդորայի արկղը

Պանդորայի արկղը
21.12.2024 | 12:28

Մոլորությունների կծիկը ուղեկցում է հայ ժողովրդին ամբողջ նորանկախ շրջանում, բայց մինչ օրս ոչ մի քաղաքական ուժ կամ հանրային միավոր հետամուտ չի եղել այն քանդելուն:

2018-ին հաճախ էր հնչում միտքը՝ ՆՓ-ն բացում է Պանդորայի արկղը:

Սա ասողները ճիշտ էին, երկրում բացվեց Պանդորայի արկղը, բայց պարզվեց, որ այդ արկղի մեջ կան ևս մի քանի Պանդորայի արկղեր, որոնք համառորեն փակ են պահվում:

Հայաստանյան քաղաքական դաշտում չկա որևէ քաղաքական ուժ կամ խոշոր դերակատար, որը կբացի ժողովրդին ճշմարտությունից գոնե մի քանի դրվագ, փոխարենը՝ ավելանում են մոլորեցնողները:

Նրանց ֆոնին հանրային և քաղաքական գործիչների մի ստվար զանգված լծված է այս լաբիրինթում ևս մի քանի ոլորան բացելու գործին, այն է՝ մեզ հետ տեղի ունեցած աղետի մեղավորության սլաքներն ուղղում են մշտապես մոլորեցվող ժողովրդի կողմը, պատճառը փնտրում են զոհի և ոչ զոհաբերողի մեջ, տուժողի և ոչ հանցագործի մեջ, խաբվողի և ոչ ստախոսի մեջ, է’լ ավելի են մեծացնում մոլորությունների կծիկը:

Մոլորված են բոլորը. իշխանամետները, ընդդիմադիրները, ուժայինները, պետական այրերը, ապաքաղաքականները, իրենց գործով զբաղվողները, ժողովուրդը՝ ԱՄԲՈՂՋԸ:

Երկրում ստեղծվել է մի ցուգցվանգային իրավիճակ, որում մոլորեցնողներն իրենք են հայտնվել և անհույս մոլորվել իրենց իսկ կառուցած չարագուշակ բավիղներում, սակայն կամք և քաջություն չունեն ընդունելու պարտությունը և խաղատախտակը զիջելու այլ՝ ավելի ուժեղ, չպարտված, թարմ մտքով և թարմ ուժերով խաղացողի, ժամանակ են ձգում, ժամանակ են սպանում՝ մոռանալով, որ խաղատախտակին դրված է ոչ միայն իրենց հաղթանակն ու պարտությունը, այլև՝ մի ամբողջ պետության, մի ողջ ժողովրդի:

Մենք պարտվել ենք ոչ թե թշնամիներին, այլև մեր ներսի ստին, սա է պատճառը, որ ստով ստի դեմ պայքարը ոչ թե օգնում է մեզ, այլ շարունակում է մեր դեմ աշխատել, քանի որ մենք ինքներս շարունակում ենք սնել մեզ հաղթող զենքը, դրա էներգիայի աղբյուրը:

Ի՞նչ անել:

Պատասխանը պարզագույններից է, բայց և՝ «ամեն հանճարեղ բան պարզ է» համատեքստում.

դադարել մոլորեցնել, դադարել խաղալ մոլորեցնողների խաղը, դադարել սնել պատրանքածին վիրտուալ իրականությունը, դադարել ճշմարտության քողի տակ մարդկանց հրամցնել հերթական սուտը: Մի կողմ դնել հակառակորդ ուժային կենտրոնների կողմից մեզ հրամցված մեթոդները, վերադառնալ հայկական արմատին՝ վեհությամբ, առաքինությամբ և ճշմարտությամբ ու գիտությամբ հաղթահարել այս հերթական համաշխարհային բարոյական ճգնաժամը, որը եկել է մեզ հիշեցնելու՝ ով ենք մենք, որտեղից ենք սերել և ուր ենք գնում:

Հ.Գ. Պանդորայի արկղը ոչ թե փակել է պետք,

այլև հաղթահարել դրանից դուրս պրծած չարիքը, այլապես լեգենդն ասում է՝ եթե պարզապես փակեք այն, դրա մեջ գերի կմնա մարդկանց հույսը. չարիքը ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ և ԲԱՐԻՔՈՎ ապրելու հույսը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3880

Մեկնաբանություններ